Jump to content

Հաշվետվություն/2025-01

Վիքիմեդիա Հայաստան-ից
2025
Հունվար

- style="text-align:center;" Վիքիակումբներ

Գործունեություն ծավալող 9 վիքիակումբներում (Գորիսի, Դդմաշենի, Իջևանի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի, Քաջարանի) 2025 թվականի հունվարի 31-ի դրությամբ գրանցված էր 250 անդամ։ Հունվարին կայացել է հատուկ վիքիակումբների համար ստեղծված «2025» նախագիծը, որի ընթացքում խմբագիրները գրել են 2025 թվականին նախատեսված տարբեր միջոցառումների, կինոնկարների, իրադարձությունների, ինչպես նաև 2025 թվականին մահացած հայտնի անձանց մասին հոդվածներ։ Ամենաորակյալ և ամենաարդյունավետ ակումբականն արժանացել է «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերին, ևս չորս մասնակիցների տրվել են հավաստագրեր։ Նախագծի շրջանակներում 26 մասնակիցներ ստեղծել են 1.383.471 բայթ ծավալով 127 հոդված։

Ընդամենը հունվարին վիքիակումբների 250 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 71-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 319 հոդված և կատարել 1381 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 6481357 բայթ։ Հունվարին ակումբականներից 53-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 1141 խմբագրում։

Այլ միջոցառումներ

Խմբագրելուց բացի, վիքիակումբներում տեղի են ունեցել նաև այլ միջոցառումներ։ Իջևանի վիքիակումբում հունվարի 6-ին կայացել է Նոր տարվա միջոցառում․ ակումբականները խաղացել են «Գաղտնի Ձմեռ պապ»:

Այցելություն Դդմաշենի վիքիակումբ

Հունվարի 30-ին «Վիքիմեդիա Հայաստանի» աշխատակիցներն այցելեցին Գեղարքունիքի մարզում գործող Դդմաշենի վիքիակումբ։ Կայացավ անմիջական շփում Վիքիակումբի համակարգողի և անդամների հետ։ Աշխատակիցները ծանոթացան ակումբի նոր անդամների հետ։ Քննարկվեցին նոր նախագծեր, գաղափարներ, ակումբականներին հետաքրքրող թեմաները՝ ապագա նախագծերում դրանք ներառելու համար։ Հանդիպումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում։ «Վիքիմեդիա Հայաստանը» ակումբի դանդաղագործ և չախշատող համակարգիչները փոխարինեց նորացված և արագագործ համակարգիչներով։

Վիքիծնունդ

2025 թվականի հունվարի 15-ին «Վիքիմեդիա Հայաստանի» անդամներից, Հայերեն վիքիտիրույթի ակտիվ խմբագիրներից շատերը «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում նշեցին Վիքիպեդիայի 24-րդ տարեդարձը: «Վիքիմեդիա Հայաստանի» նախագահի միջոցառման բացման խոսքը լսելուց հետո, ավանդաբար ամփոփվեցին անցյալ՝ 2024 թվականի «Վիքիմեդիա Հայաստանի» կազմակերպած միջոցառումների, հայերեն վիքինախագծերի արդյունքները ինֆոգրաֆիկաներով։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս առանձնացվել էին մի շարք անվանակարգեր՝ «Լավագույն նորեկ», «Լավագույն հոդված», «Լավագույն վիքիակումբական» և «2024 թվականի լավագույն վիքիխմբագիր»։ Բոլոր հաղթողներին հանձնվեցին իրենց անվանակարգով գավաթներ, մրցանակներ և պատվոգրեր, իսկ «2024 թվականի լավագույն վիքիխմբագիր» ճանաչված Արշալույս Այվազյանը ստացավ այդ անվանակարգի համար նախատեսված փոխանցիկ գավաթը։ Հատուկ նշվեցին Վիքիպեդիայի 24-ամյակին նվիրված նվեր-հոդվածների խմբագրաթոնի հաղթողները: Խոսվեց 2025 թվականին նախատեսված ծրագրերի և անելիքների մասին։ Միջոցառման մասնակիցների տոնական տրամադրությունը է՛լ ավելի բարձրացնելու և Վիքիպեդիայի պատմությանը ևս մեկ անգամ անդրադառնալու համար «Ի՞նչ գիտես Վիքիպեդիայի մասին» թեմայով խաղ-հարցում կազմակերպվեց «Մենթիմետր» ծրագրով, որի հաղթողին հնարավորություն տրվեց կտրել Վիքիպեդիայի տոնական տորթը: Միջոցառման պաշտոնական մասից հետո մասնակիցները հնարավորություն ստացան ֆուրշետային հյուրասիրության շուրջ, ընկերական միջավայրում շփվել, զրուցել և ուրախ ժամանակ անցկացնել:

24 հոդված՝ Վիքիպեդիայի 24-ամյակին

2025 թվականի հունվարի 15-ին «Վիքիմեդիա Հայաստանը» նշեց Վիքիպեդիայի 24-ամյակը։ Միջոցառման ընթացքում ամփոփված նախագծերից մեկն էր Վիքիպեդիայի 24-րդ տարեդարձի նվեր-հոդվածների խմբագրաթոնը: Վիքիպեդիայի ծննդյան օրվան ընդառաջ «Վիքիմեդիա Հայաստանը» դեկտեմբերի 15-ից սկսեց նվեր-հոդվածների խմբագրաթոն։ Վերջինիս շրջանակներում մասնակիցները որպես նվեր Վիքիպեդիայի տարեդարձին ստեղծեցին և բարելավեցին մի շարք հոդվածներ։ Խմբագրաթոնին մասնակցել է 63 խմբագիր։ Ստեղծվել է 527 հոդված, ընդհանուր կատարվել է 12․112․778 բայթ ներդրում։ Վիքիպեդիայի ծննդյան օրը հայտարարվեցին նվեր-հոդված խմբագրաթոնի նորեկ և փորձառու հաղթողների և նախագծի շրջանակներում ամենաշատ հոդված ստեղծած մասնակիցների անունները։

Երիտասարդական ձմեռային Վիքիճամբար 2025-ի դասընթաց

2025 թվականի հունվարի 25-ից մինչև փետրվարի 1-ը կայացած Երիտասարդական ձմեռային Վիքիճամբարին մասնակցելու հայտ ներկայացրած այն մասնակիցների համար, որոնք չունեին Վիքիպեդիայում խմբագրելու փորձ, «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում և առցանց կազմակերպվեց մեկշաբաթյա դասընթաց։ Հայտ ներկայացրած այն մասնակիցները, որոնք չէին կարող գալ «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակ, դասընթացն անցան վիքիակումբների համակարգողների ղեկավարությամբ՝ առկա կամ առցանց տարբերակով։

Ընդամենը գրանցվել էր 339 մասնակից, որոնցից 212-ը նորեկներ էին։ Նրանց համար կազմակերպված դասընթացին մասնակցեց 63-ը։

Նորեկները բաժանվել էին խմբերի, որոնցից յուրաքանչյուրի հետ անցկացվեցին եռօրյա հանդիպումներ։ Դասընթացի ժամանակ նորեկները գրանցվեցին Հայերեն Վիքիպեդիայում, ծանոթացան Վիքիպեդիայի համառոտ պատմությանը, Հինգ սյուներին, հիմնական կանոնակարգերին, հոդվածի կառուցվածքին, խմբագրելու գործիքակազմին, ինչպես նաև սևագրության էջում աշխատելու և հոդված ստեղծելու նրբություններին։ Արդեն երկրորդ հանդիպման օրը մասնակիցների մեծ մասը ստեղծեց որևէ օտար լեզվից թարգմանված իր առաջին հոդվածը։

Ընդամենը դասընթացի ժամանակ ստեղծվեց 1.572.116 բայթ ծավալով 71 հոդված։ Դասընթացի ժամանակ ստեղծված հոդվածների որակից ու քանակից ելնելով ընտրվեցին Վիքիճամբարի նորեկ մասնակիցները։ Ընդամենը ճամբարին մասնակցեց 23 նորեկ։

Երիտասարդական ձմեռային Վիքիճամբար 2025

2025 թվականի հունվարի 25-ից փետրվարի 1-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Երիտասարդական ձմեռային Վիքիճամբար 2025-ը։ Ճամբարի մասնակիցները 48-ն էին, 9 կազմակերպիչներ։ 48 ճամբարականները, որոնցից 23-ը նորեկներ էին, բաժանված էին 4 ջոկատների, որոնք մրցում էին ինչպես Հայերեն Վիքիպեդիայում հոդվածներ գրելու, այնպես էլ սպորտային, ինտելեկտուալ և մշակութային մրցույթներում։

Ընդամենը վիքիճամբարի ընթացքում կարևորագույն հոդվածների ցանկից գրվեց 20․884․141 բայթի 557 հոդված։ Եթե այս թվերին գումարենք նաև ճամբարից առաջ խմբագրել չիմացողների համար կազմակերպված դասընթացի ժամանակ գրված հոդվածները, ապա ընդհանուր առմամբ գրվեց 22․416․257 բայթի 628 հոդված։

Ճամբարի մասնակիցների համար կազմակերպվեցին հետևյալ խաղ-մրցույթները․ բոուլինգ, վոլեյբոլ ձյան վրա, հեռակառավարվող մեքենայով մրցավազք, «Ֆորտ Վիքի», երաժշտական համարի ներկայացում, նկարչական մրցույթ, «Լավագույն խոհարար» մրցույթ, «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղ, սեղանի թենիս, եռաչափ փազլի հավաքում և ճամբարային տեսահոլովակի պատրաստման մրցույթ։ Բացի մրցույթներից մասնակիցներն այցելեցին ճոպանուղի և Ծաղկաձոր քաղաքի կենտրոն։ Նրանց համար կազմակերպեց նաև «Գաղտնի ընկեր» խաղը։ Ճամբարի վերջին օրը, պաշտոնական փակման արարողությունից և հաղթող ջոկատներին ու խմբագիրներին հայտարարելուց հետո, մասնակիցներն ու կազմակերպչական թիմը խորովեցին նրբերշիկներ և կարտոֆիլ, մասնակիցները նվագեցին կիթառ ու երգեցին տարբեր երգեր։

«Գրաշխարհ» խմբագրաթոն

Հունվարի 15-ից սկսվել է «Վիքիմեդիա Հայաստանի» և «Դարակ» հրատարակչության համատեղ կազմակերպած «Վիքիգրաշխարհ» երկրորդ խմբագրաթոնը, որի ժամանակ Հայերեն Վիքիպեդիայում գրվում են գրողների մասին հոդվածներ։ Խմբագրաթոնը կավարտվի փետրվարի 15-ին։ Բոլոր մասնակիցները ստանալու են հավաստագրեր, մրցանակ-գրքեր, առավել ակտիվ մասնակիցները` առավել արժեքավոր գրքեր «Դարակ» հրատարակչությունից։

Մամուլում

Արտաքին տեսաֆայլեր
Ռադիո Արևիկի «Զարթուցիչ» հաղորդաշար

«Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ նախագահ Արշակ Շահենյանը հյուրընկալվել է Ռադիո Արևիկի «Զարթուցիչ» հաղորդաշարին, որտեղ ներկայացրել է 2024 թվականին կազմակերպության իրականացրած աշխատանքները, նոր նախագծերը և ապագա պլանները։