Հաշվետվություն/2019-06

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search

Հուն
Հուլ
Օգստ
Սեպտ
Հոկտ
Նոյ
Դեկտ

2019
Հունիս

Համագործակցություն Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ

Այս տարի Վիքիմեդիա Հայաստանը սկսել է լայնածավալ համագործակցություն Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ։ Հայոց լեզվի և գրականության դասախոսների հետ համագործակցությունը հնարավորություն ընձեռեց համալսարանի 2-րդ կուրսի բոլոր ուսանողների համար 7 ճանաչողական վորքշոփ կազմակերպել։ Ուսանողներին ներկայացվեցին Վիքիմեդիա գաղափարախոսությունը, Վիքիմեդիա շարժումը և Վիքիմեդիա նախագծերը։ Ուսանողներին կոչ արվեց իրենց նախագծային աշխատանքների շրջանակում ներդրում ունենալ հայերեն Վիքիմեդիա նախագծերում՝ այդպիսով նպաստելով ազատ գիտելիքի ստեղծմանն ու տարածմանը։ Դատելով ակտիվ քննարկումներից և բարձրացված հարցերից՝ ուսանողներին բավականին հետաքրքրել էր գրականության վերաբերյալ հոդվածներ գրելը։

Վիքիմեդիա Հայաստանի աշխատակազմի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոսների հետ համակարգված աշխատանքի արդյունքում 34 ուսանող իր ներդրումն ունեցավ Հայերեն Վիքիպեդիայում և Վիքիդարանում։ 12 ուսանող սրբագրել է 1917 թվականին հրատարակված գրական, գիտական և սոցիալ-քաղաքական «Գործ» ամսագիրը Հայերեն Վիքիդարանում։ Մյուս ուսանողները Անգլերեն Վիքիպեդիայից 20 հոդված են թարգմանել գրական ժանրերի, ստեղծագործությունների և գրողների մասին։

Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ համագործակցությունը Վիքիմեդիա Հայաստանի Կրթական ծրագրի մեծ և կարևոր համագործակցություններից մեկն է, որի շարունակական լինելը կօգնի Հայերեն Վիքիպեդիան և Վիքիդարանը հարստացնել գրականության վերաբերյալ բարձրորակ հոդվածներով։

Հայկական կրթական հիմնարկության հետ համագործակցության ամփոփում

Վորքշոփ Հայկական կրթական հիմնարկության կրթաթոշակառուների հետ, դեկտեմբերի 19, 2018

2018 թվականի դեկտեմբերից Հայ կրթական հիմնարկության 53 կրթաթոշակառու ցանկություն հայտնեց իր կամավորական աշխատանքն իրականացնել «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ում՝ հարստացնելով հայերեն Վիքիմեդիա նախագծերը որակյալ բովանդակությամբ։ Սա նոր և շատ հետաքրքիր փորձառություն էր կազմակերպության համար։ Ճանաչողական վորքշոփից հետո 25 ուսանող շարունակեց խմբագրել մինչև հուլիսի 1-ը։

Ուսանողները Ռուսերեն և Անգլերեն Վիքիպեդիաներից հոդվածներ են թարգմանել։ Այն ուսանողները, որոնք չունեին թարգմանչական հմտություններ, Հայերեն Վիքիդարանում սրբագրել են հայ դասականների ստեղծագործությունները։ Աշխատանքային գործընթացը համակարգվել է հիմնականում առցանց՝ էլ․ փոստի միջոցով։ Ուսանողներն սկզբնապես աշխատել են իրենց ավազարկղերում և հոդվածների որակի ստուգումից հետո դրանք տեղափոխել են հիմնական անվանատարածք։

Համագործակցության արդյունքում Հայերեն Վիքիպեդիայում ստեղծվել և բարելավվել է 104 հոդված, իսկ Հայերեն Վիքիդարանում՝ սրբագրվել ավելի քան 150 էջ։ Ամենաակտիվ 15 ուսանողները ստացել են հավաստագրեր։

Վիքիմեդիա Հայաստանը, ամփոփելով Հայ կրթական հիմնադրամի հետ համագործակցությունը, վերջինիս ներկայացրել է համագործակցության արդյունքները և ստացել դրական արձագանք․ գործընկեր կազմակերպությունը բարձր է գնահատում Վիքիմեդիա Հայաստանի գիտակրթական գործունեությունը, որը սերտորեն կապված է իրենց գաղափարախոսության հետ։ Երկու կողմերն էլ ցանկություն են հայտնել շարունակել համագործակցությունը հետագայում։

Համայնքային երկօրյակ

2019 թվականի հունիսի 7-9-ը Վիքիմեդիա Հայաստանը Աղվերանում կազմակերպել էր հերթական համայնքային խմբագրման երկօրյակը։ Համայնքային երկօրյակին մասնակցում էին Հայաստանի տարբեր համայնքների 22 խմբագիրներ։ Միջոցառման ընթացքում մասնակիցները ստեղծել են 45 և բարելավել՝ 183 հոդված։ Այս ցանկում են նաև հոդվածներ Հայերեն Վիքիպեդիայի ամենադիտվող և կարևորագույն հոդվածների ցանկից։

Համայնքային երկօրյակ

(Հունիսի 7-9)

Մասնակիցների թիվ Վիքիպեդիա
Մասնակիցներ 22
ստեղծված/բարելավված հոդվածներ 45/183
Խմբագրումներ 492
բայթեր 735000

Համագործակցության ՀՀ ԳԱԱ-ի հետ

Վիքիմեդիա Հայաստանի կրթական ծրագրի շրջանակներում դեռ 2018 թվականի հուլիս ամսից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի առաջարկությամբ համագործակցություն էր սկսվել Վիքիմեդիա Հայաստանի և այդ կառույցի հետ։ Համագործակցության առաջին փուլում ստեղծվել են շուրջ 10 հոդվածներ։

Այս տարի ևս ինստիտուտի նախաձեռնությամբ համագործակցություն է սկսվել Վիքիմեդիա Հայաստանի հետ։ Համագործակցության ընթացքում ուսանողներն ստեղծել են երեք հոդված, որոնք վերաբերում են տնտեսագիտության տարբեր ուղղությունների։

«Բոդիլ Բյորնի հետքերով՝ Նորվեգիայից Հայաստան» ալբոմ

«Բոդիլ Բյորնի հետքերով՝ Նորվեգիայից Հայաստան» ալբոմը Վիքիպահեստում

Բոդիլ Բյորնի նախագիծն սկսվեց այն բանից հետո, երբ Վիքիմեդիա Հայաստանը և Վիքիմեդիա Նորվեգիան Վիքիպեդիայում կազմակերպեցին առցանց խմբագրման մրցույթ։ Նախագծի հաղթող Մասնակից:Gardmanahay-ը Նորվեգիա և Նորվեգիայի ազգային արխիվ այցելելիս առաջարկեց ընդլայնել մեր համագործակցությունը և աշխատել Բոդիլ Բյորնի լուսանկարչական հավաքածուի հետ՝ լուսանկարներn առցանց հասանելի դարձնելով բոլորին։ Բոդիլ Բյորնի լուսանկարները պատկերում են Հայաստանի պատմության մի հատված, որը լավ փաստագրված չէ։ Լուսանկարները համապատասխանում էին Վիքիպահեստի չափանիշներին և կարող էին տարածվել ազատ թույլատրագրով, քանի որ համաձայն Նորվեգիայի հեղինակային իրավունքի մասին օրենքի՝ լուսանկարները հանրային սեփականություն են դառնում հեղինակի մահից 15 տարի հետո։

Բյորնի լուսանկարների հավաքածուն բավականին համեստ է. այն ներառում է չորս բարակ լուսանկարչական ալբոմ՝ 110 լուսանկարով և ձեռքով արված մակագրություններով և մոտ 200 լապտերի սահիկ՝ հիմնականում Օսմանյան կայսրությունից և Սիրիայից։ Նախագծի սկզբում՝ 2018 թվականի հունվարին, Ազգային արխիվի լուսանկարիչները լուսանկարեցին Բյորնի ամբողջ հավաքածուն՝ օգտագործելով Ֆեյզ Ուան խցիկը։

Բոդիլ Բյորնը (1871-1960) նորվեգացի միսիոներ էր և բուժքույր։ 1905 թվականին Կին միսիոներների միությունը նրան ուղարկեց Օսմանյան կայսրություն՝ աշխատելու հայ քրիստոնյա բնակչության հետ։ Միությունը Բոդիլ Բյորնին տվել էր նաև լուսանկարչական խցիկ՝ միսիոներական աշխատանքի ընթացքում լուսանկարներ անելու համար։ Այս լուսանկարները ներկայումս պահպանվում են Նորվեգիայի ազգային արխիվում։ Բյորնի լուսանկարները Հայաստանի և հայոց պատմության կարևոր փաստագրական նյութեր են և պատկերում են հայերի կյանքը Օսմանյան կայսրության տարիներին և դրանից հետո։ Այս նկարների շարքում են նաև Հայոց ցեղասպանությունը պատկերող լուսանկարներ, որոնք հետագայում օգտակար կարող են լինել Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրողներին։

Միսիոներական աշխատանքի առաջին տարիներին նա ապրել է Խարբերդում, որը 1850-ականներից կարևոր քրիստոնեական կենտրոն էր։ Այստեղ Բյորնը երեք դանիացիների հետ աշխատել է դանիական մի մանկատանը։ 1907 թվականին Բյորնը տեղափոխվում է Մուշ, իսկ 1915-ին, երբ Օսմանյան կառավարությունը սկսում է հայերի ցեղասպանությունը, ստիված է լինում հեռանալ նորանկախ Հայաստանի առաջին հանրապետություն։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո, այս անգամ Բյորնը թողնում է Հայաստանում հիմնած իր մանկատունը և գնում Սիրիա՝ շարունակելով աշխատել Սիրիայի փախստական հայերի հետ։

Վիքիմեդիա Նորվեգիան և Նորվեգիայի ազգային արխիվը՝ Վիքիմեդիա Հայաստանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ 2017 թվականին դիմում և հաջողությամբ ստանում են դրամաշնորհ Նորվեգիայի արվեստների խորհրդից՝ Բոդիլ Բյորնի լուսանկարների մակագրությունները տառադարձելու և թարգմանելու համար։ Նախագիծը իրականացվել է երեք փուլով 2018-ի հունվարից օգոստոս ամիսներին։ Ազգային արխիվը թվայնացրել է լուսանկարները և վերբեռնել Վիքիպահեստ, իսկ Վիքիմեդիա Նորվեգիան կազմակերպել է մակագրությունների թվայնացումը և թարգմանությունն անգլերեն։ Երրորդ փուլում Վիքիմեդիա Հայաստանի աշխատակիցներն այս նկարագրությունը անգլերենից թարգմանել են հայերեն։ Նախագծի ընթացքում բոլոր երեք կողմերը թարմացումներով կիսվում էին սոցիալական ցանցերով։

Երբ արդեն Վիքիպահեստում առկա էին լուսանկարները և լուսանկարների թարգմանված նկարագրությունները, Վիքիմեդիա Հայաստանն այս ամենի հիման վրա որոշեց պատաստել լուսանկարչական ալբոմ՝ նակախգծի և լուսանկարների մասին տեղեկատվությունը հնարավորինս տարածելու նպատակով։ «Բոդիլ Բյորնի հետքերով՝ Նորվեգիայից Հայաստան» լուսանկարչական եռալեզու ալբոմում ներառվեցին լուսանկարների մեծամասնությունը՝ Բոդիլ Բյորնի արված մակագրությունների հետ միասին։ Գիրքը հասանելի է Վիքիպահեստում և հրապարակվել է CC BY-SA թույլատրագրով որը նշանակում է, որ յուրաքանչյուրը նույնիսկ առևտրային նպատակներով կարող է պատճենել, տարածել, ձևափոխել, վերափոխել և օգտագործել բովանդակությունը՝ ինչպես հարկն է նշելով աղբյուրը՝ հղում կատարելով թույլատրագրին և նշելով փոփոխությունները։

Վիքիմեդիա Հայաստանը, Վիքիմեդիա Նորվեգիան և Նորվեգիայի ազգային արխիվը նախատեսում են շարունակել համագործակցությունը։ Վիքիմեդիա Նորվեգիան ստացել է մեկ այլ դրամաշնորհ՝ նախագիծը շարունակելու համար։ Այս անգամ թվայնացվելու և թարգմանվելու են Բյորնի նամակները և հոդվածները։

Մեդիա հղումներ

Արևմտահայերեն Վիքիպեդիայի խմբագրաթոն, հունիսի 21-23

21-23 Յունիս 2019-ին, տեղի ունեցաւ Արեւմտահայերէն Ուիքիփետիայի ծիրէն ներս կազմակերպուած երրորդ խմբագրաթոնը: Հաշուի առնելով, որ մեծ նշանակութիւն ունի յօդուածներուն որակեալ եւ անթերի բովանդակութիւնը, ուստի սոյն խմբագրաթոնը նուիրուեցաւ միայն առկայ յօդուածներու բարելաւման աշխատանքին:

Նշենք, որ 2019 թուականի Արեւմտահայերէն ծրագիրէն ներս նախատեսուած է կազմակերպել եւս երեք խմբագրաթոն:

Համագործակցություն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ

Վիքիմեդիա Հայաստանը սկսել է համագործակցություն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ։ Համագործակցության նպատակը Հայերեն Վիքիպեդիայում «Խոսող Վիքիպեդիա» նախագծի հարստացումն է նոր աուդիոհոդվածներով։ Ինստիտուտի դասախոս Վարուժան Ավանեսյանի հետ սերտ համագործակցության արդյունքում 6 ուսանող մասնակցեց հոդվածների ձայնագրմանը։ Ուսանողների օգնությամբ «1000 կարևորագույն հոդվածներից» 50 հոդվածի ներածություն է ձայնագրվել, որոնք վերբեռնվել են Վիքիպահեստ և օգտագործվել համապատասխան հոդվածներում։ Համագործակցությունը կշարունակվի՝ հաշվի առնելով նախագծի շարունակական բնույթը։

Վիքիակումբների համակարգողների հետ հանդիպում

Հունիսի 22-23-ը Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում կազմակերպվել էր Վիքիակումբների համակարգողների թվով 4-րդ հանդիպումը, որին այս անգամ մասնակցում էին կազմակերպության 13 ակումբների համակարգողները։ Այս հանդիպումների ժամանակ բարձրաձայնվում և քննարկվում են այն հարցերն ու խնդիրները, որոնց բախվում են համակարգողները՝ իրենց ամենօրյա գործունեության ընթացքում։

Հանդիպման օրակարգը կազմվել էր՝ հաշվի առնելով համակարգողների առաջարկած թեմաները։ Մինչ բուն ակումբային թեմաներին անցնելը, համակարգողների հետ քննարկվել է Վիքիակումբների ազդեցության գնահատման զեկույցը, որն իրականացվել էր նախորդ տարվա ամռանը բացված ակումբների շրջանակներում։ Քննարկման արդյունքում որոշվեց, որ զեկույցի որոշ առաջարկություններ պետք է ներդրվեն ակումբներում։

Այս անգամ հանդիպմանն ավելի մեծ տեղ էր տրամադրված քննարկումներին։ Համակարգողների հետ միասին քննարկվեցին հոդվածների ստուգման առանձնահատկությունները, Վիքիակումբներ-կրթական հաստատություններ կապը, ինչպես նաև իրականացվեց փորձի փոխանակում, որի ժամանակ ակումբավարներին ներկայացվեց ԳԼԱՄ հաստատությունների հետ համագործակցության կազմակերպման գործընթացը։ Այդ գործընթացը ներկայացվեց «Թումանյան-150» նախագծի օրինակով։

Տեղի ունեցած պլանային քննարկման ժամանակ համակարգողների հետ քննարկվել են առաջիկա տարվա ընթացքում Վիքիակումբների գործունեության ռազմավարական ուղղությունները, աշխատանքի կազմակերպման գործընթացը, որոնք պետք է միտված լինեն ակումբականների մոտ խմբագրման և զարգացման հատկանիշների ամրապնդմանը։ Հիմնական շեշտադրումը դրվելու է որակյալ բովանդակության ստեղծման և Վիքիակումբականների անձնային աճի ապահովման վրա։

Հանդիպման արդյունքում որոշվել է միացյալ ուժերով ստեղծել Վիքիճամբարներում հոդվածների գնահատման միասնական համակարգ։ Քննարկումների ժամանակ հանդիպման մասնակիցները եկել են այն եզրահանգման, որ պետք է նորեկների ուսուցման գործընթացում ներգրավել առավել ակտիվ ակումբականների, ակտիվացնել կապը տարբեր Վիքիակումբների միջև։ Բացի այդ, որոշվել է, որ պետք է ակտիվացնել կապը Վիքիակումբների և ԳԼԱՄ հաստատությունների միջև, որին կներգրավվեն նաև ակումբականները։ Քաղաքային բնակավայրերում գործող Վիքիակումբների համակարգողները նշել են, որ այսուհետ ավելի մեծ ուշադրություն կհատկացնեն ԲՈւՀ-երի հետ համագործակցությանը։

Վիքիակումբների հաշվետվություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Ստեփանակերտի վիքիակումբի մասնակիցների հետ
Քարվաճառի վիքիակումբի անդամները Զուարի պատկերասրահում

Հունիսի 1-ին Ալավերդու Վիքիակումբի համակարգող Նարինե Մուրադյանը, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, ակումբականների հետ խոսել է երեխաների հիմնարար իրավունքների, դրանց պաշտպանության վերաբերյալ։ Քննարկումից հետո միացյալ ուժերով ակումբականներն ստեղծել են «Երեխաների իրավունքների ժնևյան հռչակագիր» հոդվածը: Իսկ հունիսի 29-ին Ալավերդու Վիքիակումբը, հիմնադրման 1-ամյակի կապակցությամբ, կազմակերպել էր «Ամենախելացի վիքիպեդիստ» խորագրով համայնքային մեծ միջոցառում։ Մրցույթի ժամանակ հնչած բոլորը հարցերը կազմված են եղել Վիքիակումբի կողմից մեկ տարվա ընթացքում ստեղծված հոդվածներից։

Հունիսի 9-ին Գորիսի Վիքիակումբ է այցելել Գորիսի պետական համալսարանի դասախոս Արփինե Դինունցը։ Վերջինս ծանոթացել է ակումբականների հետ և խոսել ֆիզիկամաթեմատիկական տերմինների մասին, որոնք հաճախ հանդիպում են կրթական հոդվածներում։ Հունիսի 20-ին էլ ակումբականները, Ակսել Բակուցի 120-ամյակի օրը, բաց վորքշոփ են արել Բակունցի թանգարանի բակում՝ սրբագրելով գրողի ստեղծագործությունները։

Կողբի Վիքիակումբն էլ այս ամիս հյուրընկալել էր «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ներկայացուցիչներին։ Նրանք ծանոթացել են ակումբի աշխատանքներին, ինչպես նաև ներկայացրել հիմնադրամի գործունեությունն ու իրականացվող ծրագրերը։ Որոշվել է միացյալ ուժերով կազմակերպել «Գրքի դերը համայնքում» խորագրով միջոցառում։

Հունիսի 15-ին Հացիկի Վիքիակումբի անդամները քայլարշավ են կազմակերպել գյուղի հարակից դաշտեր, որի ընթացքում լուսանկարել և Վիքիպահեստ են բեռնել բույսերի լուսանկարներ։ Հացիկի Վիքիակումբը, Վիքինախագծերում խմբագրելուց զատ, զբաղվում է նաև անդամներին մեդիագրագիտության և էլեկտրոնային գործիքների հետ աշխատանքի ծանոթացմամբ։ Այսպես, այս ամիս ակումբականները բացել են էլեկտրոնային փոստեր և սովորել էլեկտրոնային նամակ ուղարկելու հմտությունները։

Հունիսի 15-ին Ստեփանակերտի Վիքիակումբ է այցելել Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Ղուլյանն ակումբականների հետ քննարկել է Արցախում երիտասարդության գործունեությունը, երիտասարդական հնարավորությունները։ Նա Ստեփանակերտի ակումբին նվիրաբերել է մեկ օդորակիչ և վեց նոր աթոռ։

Քարվաճառի Վիքիակումբում էլ այս ամիս ևս շարունակել են միասին հոդվածների թարգմանության գործընթացը։ Համակարգողը նշում է, որ այս կերպ ակումբականներն առավել հետաքրքրված են լինում թարգմանություններ անել, քանի որ խմբային աշխատանքի միջոցով առավել հեշտ է լինում որակյալ թարգմանություններ անել, իսկ ակումբականներն էլ սովորում են նոր բառեր։ Հունիսի 16-ին էլ Քարվաճառի Վիքիակումբականներն այցելել են Շահումյանի շրջանի Զուար համայնքի պատկերասրահ։ Այցելությունն ունեցել է մի քանի նպատակ։ Նախ, երեխաներին հնարավորություն տալ ծանոթանալ պատկերասրահի ցուցանմուշներին, ինչպես նաև լուսանկարել պատկերասրահն ու բեռնել Վիքիպահեստ: Պատկերասրահում համակարգող Թամարա Գրիգորյանն ակումբականներին ներկայացրել է Վարդգես Սուրենյանցի գործունեությունը։

Համայնքի բնակչություն Նոր մասնակիցներ Ակտիվ մասնակիցներ Սեռերի հարաբերակցություն (արական/իգական) Խմբագրումներ Վիքիպեդիայում և Վիքիբառարանում Սրբագրված էջեր Վիքիդարանում Վերբեռնված նիշքեր Ստեղծած և բարելաված էջերի օրական միջին դիտումներ
Ալավերդու վիքիակումբ 13100 2 31 52/24 13133 18 1 13152
Արևածագի վիքիակումբ 821 1 29 72/54 851 123 0 974
Գյումրու վիքիակումբ 121976 121976 0 121976
Գորիսի վիքիակումբ 20300 3 20 48/15 20323 300 2 20625
Դդմաշենի վիքիակումբ 2806 1 28 47/38 2835 123 0 2958
Լեռնապատի վիքիակումբ 1661 0 29 133/147 1690 243 20 1953
Կողբի վիքիակումբ 4530 2 17 48/24 4549 12 5 4566
Հացիկի վիքիակումբ 1044 4 24 25/19 1072 450 0 1522
Մրգավանի վիքիակումբ 1606 30/28 1606 4 1610
Սպիտակի վիքիակումբ 13100 0 21 49/38 13121 160 0 13281
Ստեփանակերտի վիքիակումբ 55309 6 23 175/63 55338 5 0 55343
Վանաշենի վիքիակումբ 2364 0 15 34/10 2379 30 0 2409
Վարդենիկի վիքիակումբ 9880 2 28 44/21 9910 60 0 9970
Տողի վիքիակումբ 700 0 15 45/31 715 52 0 767
Քարվաճառի վիքիակումբ 500 1 25 52/52 526 90 12 628
Ընդամենը 249697 22 305 250024 1666 44 251734

Մամուլի անդրադարձ

Վիքիմեդիա Հայաստանի հաղորդակցության համակարգող Դաթո Աբուլաձեն և կազմակերպության միջոցառումների համակարգող Դավիթ Սարգսյանը հյուրընկալվել են Հայաստանի հանրային ռադիոյի «Զարթուցիչ» հաղորդաշարին, որտեղ ներկայացրել են «Վիքիճամբարներ» նախագիծը։

Այս ամիս Վիքիմեդիա Հայաստանը Վիքիմեդիա Հիմնադրամի Կրթական ամսագրում հրապարակել է «Վիքիակումբների և դպրոցների արդյունավետ համագործակցությունը» վերնագրով մեկ նյութ։ Հոդվածը պատմում է Քարվաճառի Վիքիակումբի և տեղի դպրոցի ուսուցիչներից մեկի հետ համագործակցության մասին, որը Վիքիպեդիան օգտագործում է որպես կրթական գործիք։

Շաբաթօրյա վորքշոփներ

Յուրաքանչյուր շաբաթ Վիքիմեդիա Հայաստանն իր գրասենյակում կազմակերպում է բաց վորքշոփ-խմբագրաթոններ, որին մասնակցում են թե՛ նոր և թե՛ հին խմբագիրներ։ Նոր խմբագիրները փորձառու խմբագիրների օգնությամբ սովորում են խմբագրել տարբեր Վիքիմեդիա նախագծերում։ Վորքշոփին սովորաբար մասնակցում են բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են Վիքիմեդիա նախագծերով, վիքիխմբագրմամբ և նրանք, ովքեր ցանկանում են պարզապես խմբագրել հաճելի միջավայրում։

Շաբաթօրյա վորքշոփներ
Հունիսի 1 Հունիսի 8 Հունիսի 15 Հունիսի 29
Մասնակիցներ 4 3 11 12
Ստեղծված/բարելավված հոդվածներ 1/1 0/1 1/4 4/3
Խմբագրումներ 2 1 14 16
Բայթեր 3900 25600 35600 44800


Այս ամիսը՝ թվերով

50 12181 2491 250 69 306

«Խոսող Վիքիպեդիա» նախագծի համար ձայնագրված հոդվածներ

«Թվայնացման նախագծի» համար տեսածրված էջեր

Վիքիբառարանի համար բառերի արտասանություններ

«Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավի շրջանակներում բարելավված հոդվածներ

Բոլոր նախագծերում ներգրավված նոր խմբագիրներ

«Ես ստեղծում եմ կարևորագույն բժշկական հոդված» շրջանակներում բարելավված հոդվածներ