Jump to content

Համագործակցություն համալսարանների հետ

Վիքիմեդիա Հայաստան-ից
Համագործակցություն համալսարանների հետ



«Վիքիմեդիա Հայաստանի» գործունեության կարևոր ուղղություններից մեկը ուսումնական հաստատությունների հետ աշխատանքն է։ Դպրոցահասակ երեխաների հետ աշխատանքն իրականացվում է Վիքիակումբների միջոցով։ Իսկ ուսանողության ներգրավման համար «Վիքիմեդիա Հայաստանը» սերտորեն համագործակցում է համալսարանների հետ։

Ներկայումս կազմակերպությունն աշխատում է մի շարք համալսարանների հետ՝ Բրյուսովի պետական համալսարան, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, Երևանի պետական համալսարան, Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան։

Համալսարանների հետ համագործակցությունն իրականացվում է պրակտիկաների սկզբունքով։ Համալսարանների տարբեր ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողներն իրենց պրակտիկան անցնում են «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում։ 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները կուրսային աշխատանքի համար դասընթաց են անցնում և թեմատիկ հոդվածներ ստեղծում Հայերեն Վիքիպեդիայում։

Պրակտիկայի շրջանակներում ուսանողները ծանոթանում են Վիքիպեդիայի և վիքինախագծերի պատմությանը, Հինգ սյուներին, հիմնական կանոնակարգերին, հոդվածի կառուցվածքին, խմբագրելու գործիքակազմին, Վիքիպեդիայում հոդվածներ ստեղծելու սկզբունքներին, ինչպես նաև «Վիքիմեդիա Հայաստանի» գործունեությանը։ Առաջին երկու շաբաթների ընթացքում մասնակիցները ստեղծում են մասնակցային հաշիվ, կատարում են իրենց առաջին քայլերը Վիքիպեդիայում, ծանոթանում են խմբագրական գործիքներին և սկսում ստեղծել կամ բարելավել հոդվածներ։

Լինելով տարբեր ֆակուլտետների ուսանողներ, այդ թվում լեզվաբանական ուղղվածության՝ մասնակիցները թարգմանություններ են կատարում այլալեզու Վիքիպեդիաներից՝ կորեերեն, չինարեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն։ Պրակտիկայի ավարտին «Վիքիմեդիա Հայաստանը» գնահատում է ուսանողների աշխատանքը՝ ըստ կատարած ներդրման որակի։

2019 թվականից ի վեր համալսարանների հետ համագործակցության արդյունքում «Վիքիմեդիա Հայաստանում» պրակտիկա է անցել շուրջ 400 ուսանող։