Jump to content

Թեմատիկ խմբագրաթոններ

Վիքիմեդիա Հայաստան-ից
Թեմատիկ խմբագրաթոններ



«Վիքիմեդիա Հայաստանը» Վիքիպեդիայի զարգացման գործում կարևոր տեղ է հատկացնում որոշակի թեմատիկ ուղղություններով հոդվածների բարելավմանը և ստեղծմանը։ Այս նպատակով կազմակերպվում են թեմատիկ խմբագրաթոններ, որոնք լինում են ինչպես ամենամյա՝ փորձելով լրացնել կենսական կարևորություն ունեցող թեմաների բացը, այնպես էլ մեկանգամյա՝ պայմանավորված որոշակի ժամանակահատվածում առաջացած թեմատիկ բացերով։

Ամենամյա թեմատիկ խմբագրաթոնների շարքում առանձնանում են «Ֆինանսատնտեսական վիքիամիսը», «Վիքիպեդիան հանուն կանանց» նախագիծը և հայկական թեմատիկայով հոդվածների «Վիքի․հայ» խմբագրաթոնը։ Սրանք նաև այն նախագծերն են, որոնք կազմակերպվում են այլ կառույցների հետ համատեղ և ֆինանսավորվում են նրանց կողմից։

«Ֆինանսատնտեսական վիքիամիսը» կազմակերպվում է ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ և նպատակ է հետապնդում բարելավել և ստեղծել ֆինանսատնտեսական թեմաներով հոդվածներ՝ միևնույն ժամանակ բարձրացնելով հասարակության ֆինանսական գրագիտությունը։

«Վիքիպեդիան հանուն կանանց» նախագիծը «Վիքիմեդիա Հայաստանի» նախաձեռնություններից է, որը կազմակերպվում է Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հետ համատեղ։ Նախագծի նպատակն է հայերեն Վիքիպեդիայում ստեղծել և բարելավել կանանց առնչվող թեմաները, այդ թվում՝ կանանց իրավունքների, առողջության, հայտնի կին գիտնականների և գործիչների։ Նախագծի ենթանպատակներից մեկն էլ կանանց կողմից իրենց վերաբերող հոդվածների ստեղծումն է։

Հայկական թեմատիկայով «Վիքի․հայ» խմբագրաթոնը կազմակերպվում է «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության հետ միասին։ Խմբագրաթոնի նպատակն է բարելավել և ստեղծել հայկական թեմատիկայով հոդվածներ հայերեն Վիքիպեդիայում։ Յուրաքանչյուր տարի խմբագրաթոնի շրջանակներում ընտրվում են որոշակի թեմաներ, որոնց զարգացման ուղղությամբ էլ աշխատում են մասնակիցները։

Ոչ ամենամյա խմբագրաթոնների թեմաներն ընտրվում են ըստ անհրաժեշտության և պայմանավորված համաշխարհային զարգացումներով, օրինակ՝ «Վիքիգրաշխարհ», «Եվրո 2024», «Քաղցր Վիքի» և այլն։ Այսպիսի թեմատիկ խմբագրաթոններ հաճախ նախատեսվում են հատկապես Վիքիակումբների մասնակիցների համար՝ նրանց մշտապես ակտիվ պահելու նպատակով։