Բլոգ/Գարիկ Խաչատրյան․ Դարձի՛ր մեզնից մեկը

Վիքիմեդիա Հայաստան-ից
Jump to navigation Jump to search
Գարիկ Խաչատրյան․ Դարձի՛ր մեզնից մեկը
Go to English version



Ի՞նչ է Վիքիճամբարն իմ համար կամ այլ կերպ ասած՝ հետադարձ հայացք (feedback) TonJ-ից։

Արդյոք Վիքիճամբարը այն է, ինչ մենք տեսնում ենք նկարներում։ Իսկ եթե դա որակով հոդվածներն են կամ Վիքիօգնականների անքուն գիշերնե՞րը։ Կարծում եմ՝ չէ։

Արի քեզ պատմեմ իմ պատմությունը։

Վիքիշարժմանը միացել եմ 2014 թվականի նոյեմբերին (այդ ժամանակ 13 տարեկան էի)։ Ես հիշում եմ իմ առաջին հոդվածի ստեղծման օրվա յուրաքանչյուր վայրկյանը։ Մեծ մոտիվացիայով Գարիկը ուզում էր ինչ-որ լավ բան աներ աշխարհի, իր համայնքի, դասընկերների համար ու Հայերեն Վիքիպեդիայում ստեղծեց իր առաջին հոդվածը։ Ու այն հիշելուց հետո նա անընդհատ անցնում էր հոդվածի վրայով՝ անդադար կարդալով արդեն որերորդ անգամ (ինչի՞, դե որովհետև դա նրա հաջորդ օրվա աշխարհագրության դասն էր)։

Ապա ես թարմացրեցի էջը [աստվածնե՜ր]։ Ու ծանուցում եկավ՝ «TonJ, ձեր կողմից ստեղծված հոդվածը հեղինակային իրավունքի պատճառով ջնջվել է»։ Ըը, հա, տխրել էի։ Ու 13 տարեկան խմբագրի համար միակ մոտիվացիան Վիքիճամբար գալն էր։

2015 թվականին դարձա Վիքիճամբարի մասնակից։ Հետո Լիբանան, ապա ճամբարներ 2016, 2017, 2018 թվականներին։ Ինչո՞ւ է Վիքիճամբարը ինքնին եզակի․

  • Եթե դու սիրում ես ոչ ֆորմալ կրթությունը, հոգնել ես (ինչպես ես, միշտ) դպրոցներից, ուզում ես ավելացնել գիտելիքներիդ պաշարը ոչ խորհրդային գրքերից, որոնցից օգուտ չկա, ուրեմն՝ սա քո՛ տեղն է։
  • Դու ամաչկոտ ու շա՜տ համեստ ես, բայց ուզում ես զարգացնել քո առաջնորդության և հաղորդակցման հմտությունները, ուրեմն, միացի՛ր մեզ հենց հիմա։
  • Ուզում ես դառնալ լրագրող, ծրագրավորող կամ դու ապագա առաջնորդ ես, ապա դարձի՛ր մեզնից մեկը։
  • Սիրում ես գրականություն, քիմիա կամ ֆիզկուլտուրա, անգլերեն կամ իսպաներեն, այսպիսով դու կարող ես զարգացնել քո գիտելիքները Վիքիպեդիայի միջոցով։

Հետադարձ հայացք (feedback), բայց ոչ երբեք PR.

Ես մասնակցել եմ ավելի քան 10 ճամբարի, որոնք կազմակերպել է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ն։ Եվ հիմա հպարտորեն կարող եմ նշել, որ ցանկացած հաջորդ ճամբար նախորդից ավելի ու ավելի լավն է։ Ես գիտեմ, թե ինչքան ջանք ու եռանդ են կազմակերպիչները ներդրել հանուն մեզ՝ երեխաների, պատանիների ու երիտասարդների համար ճամբարները հագեցած ու հիշվող դարձնելու համար, և դա իրոք անգնահատելի է։

Ինչի՞ եմ ե՛ս սիրում Վիքիճամբարը

  • Ամենասկզբում, Երևանում, ծանոթ ու անծանոթ մասնակիցներին գրկելը, կարոտը, հիշողությունները նախորդ ճամբարներից, ու քեզ շրջապատող մթնոլորտը։
  • Դու հոգնած ես (դե ինչպես ես) կամ անհավես ես, կորցրել ես խմբագրելու մոտիվացիադ ու գլխումդ խառնաշփոթ է, ընդամենը պետք է սա ասես քո վիքիօգնականին ու ամենահամով թխվածքները քեզ են սպասում (կներես, բայց քաղցրից էն կողմ ուրիշ մոտիվացիա չեմ կարողանում գտնել)։
  • Ուզում ես կիսվել գիտելիքներովդ և նորերը ստանաս, դու ազատ ես ասել ինչ ուզում ես և իմանալ այն, ինչը քեզ հետաքրքրում է։

Վիքիճամբարը երբևէ տեսածս ամենաթույն տեղն է, որը միայն ու միայն կազմակերպիչների, Վիքիմեդիա Հայաստանի աշխատակիցների, ջոկատավարների, կամավորների, խմբագրողների, հավասարության ու նպատակների շնորհիվ է։

Դարձի՛ր մեզնից մեկը, միացիր հաջորդ Վիքիճամբարին ու դարձիր «Վիքիճամբար» կոչվող մեծ ու եզակի ընտանիքի անդամ։

Գարիկ Խաչատրյան, Հայերեն Վիքիպեդիայի խմբագիր